Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերքում է մամուլում տեղ գտած հրապարակումն այն մասին, որ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը փետրվարի 14-16 ընկած ժամանակահատվածում գտնվել է Կիեւում, իսկ փետրվարի 17-ին՝ Մոսկվայում: Ընդ որում, վերադարձել է բավական դրական արդյունքներով: ՔԱԳՎ պետը նախ մասնակցել է Կիեւում ընթացող TRASECA կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը: Արդյունքներն ու սպասելիքներն  առավել քան դրական են. Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում սկսած այս տարվանից երեք տարի անըդմեջ  նախատեսվում է ՔԱԳՎ-ի եւ ավիացիայի բնագավառի այլ աշխատակիցների համար անցկացնել վերապատրաստումներ, սերտիֆիկացումներ եւ լիցենզավորումներ, որոնք նպաստելու են քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության, աէրոնավիագացիոն ծառայությունների, ուղեւորների շահերի պաշտպանությանն ուղղված ծառությունների ու գործառույթների բարձրացմանը:

Ընդհանուր առմամբ, ծրագրերում  նախատեսվում է  ընդգրկել  շուրջ 80 աշխատակցի: Ծրագրերը անցկացվելու են  ամբողջութայմբ անվճար:

Փետրվարի 17-ին էլ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը մասնակցել է Մոսկվայում Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ)  ստեղծման  20-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որտեղ Հայաստանում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը համարվել է լավագույնը ԱՊՀ երկրներում եւ արժանացել պարգեւի՝ թռիչքային անվտանգության մակարդակը միջազգային չափորոշիչներին համապատասխան պահելու համար»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ  «Ժողովուրդ» թերթի հրապարակման մեջ նշվում էր, որ իրենց տեղեկություններով` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: «Ավելին, վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիեւ: Ըստ լուրերի` քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան: Մի քանի օր շարունակ փորձեցինք կապվել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Զրուցեցեցինք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանի հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտ է, պարոն Մովսիսյանն էլ գործուղման մեջ ա, իսկ ինձ նման տեղեկություն չի հասել: Երկուշաբթի օրը Մովսիսյանն աշխատանքի է գալու»,-եզրափակեց Հակոբյանը: Սպասենք մինչեւ երկուշաբթի»,- գրել է «Ժողովուրդ»-ը: