Ռուսաստանի Վորոնեժի շրջանում կայացվել է Ադրբեջանի բնակչի դատավճիռը, ով սպանել էր կնոջն աղջկա աչքերի առաջ:
Դատական գործի ընթացքում հաստատվել է, որ 29-ամյա Հուսեյնով Վուգար Արիֆ Օղլին իր կնոջը կանխամտածված է սպանել` վեճից հետո, որը ծագել էր այն հողի վրա, որ կինը ծննդաբերել է երեք աղջիկ, սակայն չի կարողացել որդի ունենալ:
Հայտնվում է, որ Հուսեյնովը ոչ մի տեղ չի աշխատել, երիտասարդ ընտանիքը պահել են կնոջ ծնողները, որոնք նրանց համար մեքենա եւ Պավլովյան շրջանում բնակարան էին գնել:
2011 թվականի հուլիսին` գիշերը, աղջիկներից մեկի ծնունդը նշելուց հետո Հուսեյնովն ալկոհոլի ազդեցության տակ հերթական վեճն է սկսել կնոջ հետ, այնուհետեւ ծեծել է նրան եւ խեղդել: Սպանությունը Հուսեյնովը գործել է աղջկա աչքի առջեւ, որն այդ օրը 4 տարեկան էր դարձել:
Բացի մանկահասակ աղջնակից, հանցագործության այլ ականատեսներ չեն եղել: Դատախազը գործն ուղարկել է դատարան, իսկ պետական մեղադրողը գործին կցել է մանկավարժների, թարգմանիչների, մասնագետ բժիշկ-հոգեբանների, որպեսզի կարողանան վկայություն ստանալ փոքրիկ աղջկանից:
Չնայած երեխայի ինքնամփոփությանը` հոգեբան-մանկավարժի օգնությամբ կարողացել են աղջնակից կատարվածի մանրամասներն իմանալ:
2012 թվականի փետրվարի 13-ին դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել: Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ-ի 105 հոդվածի 1-ին կետով («Սպանություն»): Նրան 10 տարվա ազատազրկման են դատապարտել խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Սպանվածի հոր համար դատարանը Հուսեյնովից պահանջել է 500 ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում:
Շրջանի դատախազությունը նյութեր է հավաքում Հուսեյնովին ծնողական իրավունքներից զրկելու համար, գրում է «Կոմունան»` հղում անելով Վորոնեժի շրջանի դատախազությանը:




























