Իտալական եւ շվեյցարական իրավապահ մարմինները Շվեյցարիայում կանխել են դարի խարդախությունը` Շվեյցարիայի բանկերից մեկում հայտնաբերելով ԱՄՆ-ի կեղծ պարտատոմսեր աստղաբաշխական 6 տրիլիոն դոլար գումարի չափով: Այդ գումարն ավելի քան երկու անգամ գերազանցում է Իտալիայի պետական պարտքը եւ համարյա հավասար է ԱՄՆ-ի պետական պարտքին:
Ըստ փորձագետների` այդ թղթերի մուտքը շուկա կարող էր խոշորագույն ֆինանսական ցնցում առաջացնել վերջին տասնամյակի ընթացքում եւ գրավել աշխարհի կեսը: Կեղծ թղթերը, որոնք իբր թողարկվել էին ամերիկյան գանձապետարանի կողմից 1934 թվականին, Եվրոպա էին բերվել Բանգկոկից: Այդ գործով ձերբակալվել է 8 մարդ, որոնց մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերի խարդախության համար:
Ըստ քննիչների տվյալների` թանկարժեք կեղծ փաստաթղթերը նախատեսված են եղել զարգացող երկրներում արժեթղթերի շուկայում վաճառքի համար, գրում է NEWSru.com-ը:
Մասնագետները նշում են թղթերի կեղծման բարձր մակարդակը: Նրանց երթուղին անցել է Հոնկոնգով, Հռոմով եւ Լոնդոնով: Ընդ որում, առավել հավաստիության համար փաստաթղթերի տուփերը նմանեցրել էին պատմական սեւ փայտից արկղերին, որոնցում պահվում էին 1919 թվականին Վերսալում ստորագրված միջազգային ֆինանսական համաձայնագրերը: Ներսում գտնվել են թղթեր, որոնք 250-ական թերթերով ծալված են եղել եւ թաթախված մոմի մեջ: Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին մի քանի ամիս է անհրաժեշտ եղել զեղծարարությունը պարզելու համար:
Գործում, ամերիկյաններից բացի, շրջանառվում են նաեւ Իտալիայի, Հունաստանի, Խորվաթիայի եւ Հեռավոր Արեւելքի մի շարք երկրների արժեթղթեր:




























