«Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել, և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

«Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքեր դեռ չէին սկսվել, և պարբերաբար շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին:

Շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը: Նոր նախագծով, վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու. պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ այն կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։