Կալինինգրադում կարմիր ներկով ներկել են Վլադիմիր Պուտինի քարոզարշավի երկու հայտարարություն-պաստառները:
Շրջանային ընտրական հանձնաժողովի քարտուղար Իգոր Կուդրյավինը այս մասին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբին եւ ոստիկանությանը, որը փնտրում է պաստառները տեղադրած գովազդային ընկերությանը, որպեսզի նրանք հանեն:
Կալինինգրադի ոստիկանության պետը հայտնել է, որ դրանում քրեական կամ վարչական ոչ մի խախտում չի տեսնում, ինչը հարուցել է Կուդրյավինի զայրույթը: «Այստեղ կան գործողություններ, որոնց մասին խոսվում է վարչական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով` մանր խուլիգանություն, ուրիշի ունեցվածքի վնասում, ինչպես նաեւ քարոզարշավի նյութերի վնասում եւ քարոզչական նյութերի փչացում», — հայտարարել է նա «Նովի Կալինինգրադին»:




























