Ես հաջողված հայրենադարձության երկու օրինակ եմ բերել. մեկը Իսրայել, մյուսը Գերմանիայի օրինակը, բայց մեր  պատմության մեջ եղել է ևս շատ ծավալուն և հաջողված հայրենադարձություն. Սովետական Միության ժամանակ 1945-49 թվականների մոտ 100 000 հայեր տարբեր երկրներից պետության ուղղակի աջակցությամբ, մասնակցությամբ նույնիսկ նավերով էին բերում,  տեղափոխման ամբողջ ծախսերը, բնակարանային հարցեր էին լուծում։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ամենից հաջողված հայրենադարձության ծրագրերից մեկը եղել է այդ ծրագիրը։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք.  ոչ միայն արաբական երկրներից էին այստեղ եկել՝ Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Փարիզից և Մարսելից մի քանի հազար մարդ տեղափոխվել և բնակվել են Հայաստանում այդ տարիներին։ Այդ 100,000-ից մոտ 10-15 հազար մարդ 15-20 տարվա ընթացքում հետ են գնացել, բայց 80-85 հազար մարդ մնացել է Հայաստանում և մինչև այսօր իրենց սերունդները այստեղ են։

Ուրեմն բացի այլ երկրների փորձից, պետք է նաև հասկանալ, որ մենք նաև ունեցել ենք այդպիսի փորձ Հայաստանում։ Երևանում թաղամասեր կային սփյուռքահայերից բաղկացած։ Ուրեմն, կա այդ փորձը, և պետությունը, այո, այստեղ ասելիք և անելիք ունի»,–ասաց Քոչարյանը։