Տարհանվածների ևս մի խումբ գիշերը կմեկնի Իրանից՝ ուղղվելով դեպի Մոսկվա։ Սա «Ռոսատոմ»-ի աշխատակիցների «Բուշեր» ատոմակայանից տարհանման վերջին ալիքը չէ, ТАСС գործակալության հարցին ի պատասխան ասել է պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը։

«Հերթական խումբը շարժվում է դեպի Իրանի և Հայաստանի սահման։ Հուսով եմ՝ նրանք այսօր գիշերը կանցնեն այն և գիշերվա ընթացքում կհասնեն Մոսկվա։ Սա տարհանման վերջին ալիքը չէ»,- ասել է Լիխաչյովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանում դեռևս 300 ռուսաստանցի աշխատակից կա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Իրանի «Բուշեր» ատոմակայանին։