Հնդկաստանի Գոա նահանգում դպրոցական ավտոբուսն ընկել է գետը, 6 երեխա եւ մեկ մեծահասակ զոհվել են, մնացած 8 ուղեւորների ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Երբ փրկարարները գետից դուրս են բերել ավտոբուսը, նրանք հայտնաբերել են 7 մարդու մարմին, այնինչ ավտոբուսում եղել է 15 մարդ: Տեղի բնակիչների ակտիվ մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են սկսվել, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության տվյալներով, ավտոբուսն ընկել է Կալվի գետը: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, հասցրել է դուրս նետվել ավտոբուսից եւ կենդանի է մնացել:

Նահանգի վարչակազմը մտադիր է զոհերի հարազատներին 200 հազարական ռուփի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում վճարել:

Նշենք, որ ավտովթարների թվով Հնդկաստանը աշխարհում առաջին տեղն է գրավում: Մեկ տարվա ընթացքում այդ երկրում ավտովթարների զոհ է դառնում շուրջ 110 հազար մարդ: