ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում սկսվել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությունը, որի ուղիղ հեռարձակումը կազմակերպվել է Livestream պորտալում:
Նյու Ջերսիում իջեցվել են ազգային դրոշները. ԱՄՆ-ում նման պատվի արժանանում են միայն պետական պաշտոնյաները: Երգչուհու հոգեհանգիստը տեղի է ունենում բրիտանական «Նոր հույս» եկեղեցում, որտեղի երգչախմբում է իր առաջին քայլերն արել Հյուսթոնը:
Այստեղ է երգել նրա մայրը` Սիսի Հյուսթոնը, ով աֆրոամերիկյան ավետարանական ժանրում արժանացել է Grammy մրցանակի:
Սպասվում է, որ հոգեհանգստի ժամանակ կերգեն երգչուհու զարմուհի Դայան Ուարվիքը, Սթիվի Ուանդերը, Ալիսիա Քիսը, Արետա Ֆրանքլինը եւ Էլթոն Ջոնը:
Եկեղեցում ներկա են միայն նրա հարազատները եւ 1500 հատուկ հրավիրյալներ` երգչուհու մտերիմներից: Նրանց շարքում է Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը, որի ներկայությանը Հյուսթոնների ընտանիքը դժվարությամբ է համաձայնել: Ներկաների թվում է նաեւ «Թիկնապահը» ֆիլմում Ուիթնի Հյուսթոնի խաղընկեր Քեվին Քոսթները եւ հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին:
Նյուարքի ոստիկանությունն արդեն զգուշացրել է, որ եկեղեցու բոլոր մուտքերը փակ են լինելու եւ խորհուրդ է տվել երգչուհու երկրպագուներին հոգեհանգստի արարողությանը հետեւել եկեղեցուց քիչ հեռու տեղադրված էկրանից:
Հյուսթոնը վախճանվել էր փետրվարի 12-ին Բեւերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Երգչուհին 48 տարեկան էր: Լոգարանում հայտնաբերված Հյուսթոնի մահվան պատճառների հետաքննությունը դեռ չի ավարտվել:
Հյուսթոնը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհի: Նա ստացել է վեց Grammy, Billboard Music Awards-ի 185 մրցանակ, American Music Awards-ի 21 մրցանակ, Emmy-ի երկու եւ երաժշտական այլ բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:



























