Կապան քաղաքում մեկ օրում՝ մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Ավելի վաղ NEWS.am—ճը հայտնել էր, որ Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են. քաղաքի փողոցներում բառացիորեն գետեր են հոսում։ Ողջի գետը դուրս է եկել ափերից։
Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ոչ թե գետն է վարարել, այլ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Իր հերթին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է մարդկանց չմոտենալ վարարած գետերին:
«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար»,– նշել էր նա։



























