Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 20 տարվա պատերազմն իր բացասական դրոշմն է դրել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա, սակայն ցանկության դեպքում միշտ էլ կարելի է շփման կետ գտնել, եւ հարաբերություններն սկսել կառուցել հենց այդ կետից` փոքր, բայց վստահ քայլերով: Այս մասին ադրբեջանական «Vesti.Az» պորտալին տված հարցազրույցում ասել է ամերիկահայ երգչուհի, ծնունդով բաքվեցի Լյուսիա Մունը: Երգչուհու խոսքով` երկու կողմից էլ ցանկությունը մեծ է, քանի որ մարդիկ հոգնել են ատելուց:
«Համաձայնեք, որ ատելության վրա ավելի մեծ էներգիա է ծախսվում, քան կցանկանայինք: Ատելությունը հեռացնում է մեզ առաջընթացից եւ երջանիկ կյանքից»,-նշել է Մունը:
Միաժամանակ` բարձրագույն հոգեբանական կրթությամբ երգչուհին, անդրադառնալով երկու ժողովուրդների հարաբերություններին, նշել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին պետք չեն ոչ քաղաքական գործիչներ, ոչ դիվանագետներ, ոչ փիլիսոփաներ, պետք է ընդամենը երկու լավ հոգեբան, ցանակալի է` իգական սեռի: «Այս 20 տարվա ընթացքում մեր ժողովուրդներն այնքան ցավ են տեսել, որ այդ ամենը կարող են ամոքել միայն պրոֆեսիոնալ հոգեբանները»,-վստահություն է հայտնել Մունը:
Անդրադառնալով իր հնարավոր այցելությանը Բաքու` երգչուհին ասել է. «Դժվար է գնալ մի քաղաք, եթե դու զգում ես, որ դահլիճում բոլորը քեզ ատելու են միայն այն պատճառով, որ հայ ես: Ես իմ թեկնածությունը ներկայացրել եմ, քանի որ ատելություն չեմ զգում ուրիշների եւ իմ նկատմամբ, այլ ցավ: Ատելության զգացումն ինձ խորթ է: Կարծում եմ փաստը, որ կյանքիս մեծ մասն ապրել եմ Ամերիկայում եւ այնտեղ ձեւավորվել որպես անհատ, մեծ դեր է խաղացել:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, գուցե հենց դրա պատճառով է, որ մարդիկ չեն կարողանում շփման կետ գտնել: Մարդիկ, ովքեր արվեստը ծառայեցնում են պատերազմի հրահրմանը, պետք է լռեն եւ լսեն: Դա վերաբերում է ոչ միայն ադրբեջանցիներին եւ հայերին, ովքեր թշնամաբար են տրամադրված իրար դեմ, այլեւ տարածաշրջանի հարեւան երկրներին: Արվեստը պարզապես խեղդվում է քաղաքականությունից»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն արդեն ներկայացրել է հարցազրույցներ «Եվրատեսիլ-2012»-ի հավակնորդներ Լյուսիա Մունի եւ Dorians –ի հետ:




























