ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի անդամների հետ Հրազդան կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանը պատասխանել է նրանց կողմից հնչեցված հարցերին։ Քաղաքացիներից մեկը հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ արդյոք իրենց իշխանության գալու դեպքում ներկայիս իշխանության ներկայացուցիչները պատասխանատվության ենթարկվելու՞ են։
«Ես ինքս արմատներով Արցախից եմ, գնում էինք իմ պապական գյուղն ու տունը, պապիկիս շիրիմին խունկ էի ծխում, բայց այսօր մեզ զրկել են այդ հնարավորությունից։ Ինձ հետաքրքիր է, պատժվելո՞ւ են իրենք դրա համար, թե՞՝ ոչ»,-դիմելով Ռոբերտ Քոչարյանին ասել է քաղաքացին։
Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան ասել է․
«Ղարաբաղը հանձնածները, 5000 զոհ տվածները, 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։ Սա այն դեպք չէ, երբ, օրինակ մի պաշտոնյա սխալ է գործել, պաշտոնեական դիրքն է չարաշել և չնչին հետևանքներ են եղել։ Այս իշխանությունն աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին և դրա համար պետք է պատասխան տան, ներում չի կարող լինել, վստահ եղե՛ք»։
Հարցին, հնարավոր համարու՞մ է Արցախից տեղահանվածների վերադարձը հայրենիք, Քոչարյանը պատասխանել է․
«Դա կախված է նաև նրանից, թե ինչ ընտրություն եք դուք անում։ Դուք հարցի մեջ նշեցիք՝ ինչո՞ւ դուք հիմա նախագահ չեք։ Ես 10 տարի եղել եմ նախագահ։ Չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն, եղել է տնտեսական աճ։ Ես համարել եմ, որ պարտքս կատարել եմ, սահմանադրական ժամկետը լրանալուց հետո ես երկրորդ անգամ ընտրվել եմ, հետո հանգիստ խղճով գնացել եմ այլ գործերի։ Հիմա պարզվեց, որ հանգիստ խղճով չպիտի գնայի այլ գործերի։ Ես 2008 թվականին չէի կարող կանխատեսել, որ 2018 թվականին կարող է լինել այն կարգի իշխանափոխություն, որն այս աղետը կբերի մեր գլխին։ Ես համոզված եմ, որ Արցախի հարցը բանակցային գործընթացով կարելի էր լավ ավարտի բերել։ Ամեն ինչ դրան էր գնալու, եթե չհայտնվեր մի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց, որ ինքն ամեն ինչի մասնագետ է, բոլորից լավ է հասկանում, ինչի ուզի, կարող է անել։ Նա համարեց, որ կարող է միայնակ գնալ և լուծել Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը։ 2018 թվականին հրապարակում հայտարարել է չէ՞, որ առանց ժողովրդի հետ քննարկելու Արցախի հետ կապված որևէ քայլ չի անելու, բայց գնաց և արեց։ Ես որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, որովհետև համարում եմ, որ հենց այդ ժամանակ նրանք պետք է շատ հստակ դիրքորոշում ունեային, և չասեին՝ հարաբերությունները չփչացնենք։ Սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ և մտածեց, որ ինչ ուզի, կարող է անել Արցախի հետ։ Սա խնդիրներից մեկն է եղել»։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ արցախցիները կարող են մոռանալ Արցախ վերադարձի մասին, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերընտրվի։
«Հիմա պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունքը, դա իր հետ բերելու է նաև գույքային իրավունքների հարց։ Մենք պետք է խոսենք մշակութային ժառանգության մասին և հույս ունենանք, որ դրանից հետո որոշ հնարավորություններ կարող են բացվել։ Խնդիրը շատ լուրջ է, չեմ կարող երաշխավորված ասել, որ կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ ՀՀ-ում որևէ մեկը կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ և արդյունավետ քան ես»,-հավելել է Քոչարյանը։











