Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Նախագահի մամլո ծառայությունից, կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Նշելով, որ այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Սերժ Սարգսյանն երախտագիտություն է հայտնել Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակության համար:
ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:




























