Այս իշխանություններն ամեն ինչ անում են, ուր մտնեն պղծելու համար. Սրանք պիղծ, անհայրենիք հարձակում են իրականացնում եկեղեցու վրա, Վեհափառի վրա, այսօր հետապնդման ներքո գտնվող սրբազաններ, Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում, աշխարհը այսպիսի բան չի տեսել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Անդրադառնալով նախօրեին սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, նա ասաց. «Ինքը որտեղ մտնում է, փորձում է պղծել, ինքը լավ գիտի իր նկատմամբ ժողովրդի ատելությունը։ Բոլորս էլ եկեղեցի գնում ենք, և եթե ուշ ես գնում, տեղ չի լինում, կանգնում ես այնտեղ, որտեղ հարմար է։ Բայց նա իր անվտանգությունն ապահովող ոհմակի հետ մխրճվեց եկեղեցու մեջ, ուզում էր հասնել մինչև խորանը։ Նա դիտավորությամբ մխրճվեց եկեղեցի, որ հասներ Սուրբ խորան, որ ցույց տար՝ ինքը չի վախենում ժողովրդից, ցույց տար, որ եկեղեցին իր համար, այն սրբությունը չի։ Սա եկեղեցու դեմ նրա արշավի ստոր քաղաքականությունը իրականացնելու քայլերից մեկն էր։
Մենք տեսանք երիտասարդներ, որոնք ընդդիմացան, նրանք ընդիմացան ոչ թե Նիկոլ Փաշինյան երևույթին, գուցե նրանք թքած էլ ունեին այդ անձի վրա, այդ երիտասարդները քաղաքական որևէ ուղղվածություն չունեին։ Դժգոհություն առաջացրեց ոչ թե այս անձի մուտքը որպես անձ, այլ նրանց լկտի մուտքը եկեղեցի։ Այդ երիտասարդը կանգնեց, ասաց՝ այստեղ եմ ուզում կանգնեմ և այդպես չնայես ինձ։ Երեխաները ոչ թե քաղաքական դիրքորոշումներ ունեին, այլ արժանապատվություն, որ չի կարելի պարզապես եկեղեցի այդպես մուտք գործել։ Իսկ այս պիղծ արարածները դա դիտավորությամբ արեցին, սադրեցին այնպսւիի ցինիկ ձևով, որ այդ երիտասարդները չկարողացան դիմանալ նման վարքին և փորձեցին հակադարձել»։
Թաթուլ Պետրոսյանը նկատեց, որ բացի այդ երկու երիտասարդներից ձերբակալվել է նաև Գևորգ Գևորգյանը, որ իբր նա էր կազմակերպել այս տղաների հարձակումը, մինչդեռ նրանք իրար չեն էլ ճանաչում։
«Եկեղեցու ներսում նա ասում է թող մնա կանգնի իր տեղում, ոչ մի բան չանեք, քանի որ լավ է գիտակցում, որ եթե այդ պահին ոստիկանական բիրտ ուժ կիրառվեր եկեղեցու մեջ, իր անվտանգությունը շատ ավելի վտանգի կենթարկվեր։ Դրա համար ինքը պետք է դուրս գար այդ տարածքից, լիներ ավելի անվտանգ վայրում, նոր հանձնարարեր հարձակվել։
Օպեր աշխատողները քաղաքացիական հագուստով փորձեցին անվտանգ ու գաղտնի առևանգել երիտասարդներին, որ ընդհարում չառաջանար, բայց դա չստացվեց, մարդիկ տեսան։ Նույնիսկ եկեղեցու սպասավորներն էին դուրս եկել, փորձում էին կանխել, դադարեցնել, կանայք էին այնտեղ։ Երբ այդ երիտասարդներին բռնելով գրեթե վազքով տանում էին, ճանապարհին երեխա կար, երեխային հրեցին, գցեցին, նաև մի կնոջ։
Հիմա մեղադրանք են առաջադրել երկու 297–րդ հոդվածով՝ խուլիգանություն, և 452–րդ հոդվածով՝ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով բռնություն կիրառելը։ Հոդվածը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում։ Տեղեկություններ կան, որ երիտասարդներից մեկը մեկը առողջական խնդիրներ ունի»։
Անդրադառնալով պնդմանը, որ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, չի կարելի արդարացնել նրա նկատմամբ նման քայլը, երբ փորձել են հարվածել, Թաթուլ Պետրոսյանն ասաց. «Ժողովուրդը սրա նկատմամբ այնքան ատելություն ունի, սրան որպես երկրի ղեկավար չի նայում։ Յուրաքանչյուր քաղաքացի իրեն անձնական թշնամի է համարում, ոչ թե երկրի վարչապետ։ Նրանք թշնամի են համարում, թուրքի դրածո են համարում»։











