Windows 8-ը ամենահայտնի օպերացիոն համակարգի լիակատար վերաիմաստավորումն է, հավաստիացնում է Microsoft-ը:

Ընկերությունը որոշել է այդ համակարգային փոփոխություններն արտացոլել լոգոտիպում: Ընկերությունը հայտնում է, որ նոր լոգոտիպը կոչված է արտացոլել Metro-ի ձեւավորումը, ինչպես նաեւ միավորել Windows-ի նախկին տարբերակների ուժեղ կողմերը:

Նոր լոգոտիպի վրա աշխատելու համար ընկերությունը դիմել է Pentagram դիզայն-ստուդիային:  Երբ Microsoft-ում տեսել են  Pentagram-ից Փաուլա Շերի ներկայացրած աշխատանքների ուրվագծերը, նրանք անմիջապես հիշել են Ջորջ Օրուելի (George Orwell) հետեւյալ խոսքերը. «Որպեսզի տեսնես այն, ինչ գտնվում է քթիդ մոտ, անընդհատ լարվածություն է անհրաժեշտ»: Շերը շատ պարզ հարց է տվել.  «Դուք օպերացիոն համակարգը «Windows (պատուհաններ)» եք անվանում: Այդ դեպքում ինչու է լոգոտիպը դրոշի տեսքով»:

Ընկերությունը նշում է, որ Windows-ի լոգոտիպի զարգացումը տեղի է ունեցել տեխնոլոգիաների բարելավմանը զուգահեռ. ամեն ինչ սկսվել է  Windows 1.0-ի պարզագույն երկգույն լոգոտիպից, եւ ավարտվել Windows Vista-ի եւ  Windows 7-ի բարդագույն գրաֆիկական լոգոտիպով, ընդ որում լոգոտիպի յուրաքանչյուր փոփոխություն ենթատեքստում իր իմաստն է ունեցել: Արդյունքում պարզագույն «պատուհանից», որը համապատասխանել է  ՕՀ անվանմանը, լոգոտիպը զարգացում է ապրել մինչեւ ծածանվող դրոշի: 

Այսպիսով, եթե նայենք սկզբնաղբյուրներին, ապա կարելի է հստակ տեսնել, որ սկզբնապես այն որպես «պատուհան» է մտածված եղել: Ընկերությունը կարծում է, որ նոր լոգոտիպն ինչ-որ տեղ հանդիսանում է վերաձեւավորում, ավելի շուտ այն վերադարձ է արմատներին:

Windows 8-ի լոգոտիպի ստեղծման ժամանակ ընկերությունը երեք հիմնական նպատակ է ունեցել. 
Լոգոտիպը պետք է լիներ միաժամանակ դասական եւ ժամանակակից, պետք է արտացոլեր International Typographic Style (կամ Swiss-ի դիզայն) ոճը, որը մեծ ազդեցություն է ունեցել Metro ինտերֆեյսի փիլիսոփայության վրա:

Կարեւոր է եղել, որ նոր լոգոտիպն արտացոլի Metro-ի սկզբունքը` լինել  «իսկապես թվային», այսինքն այն չպետք է փորձի առարկայական երեւալ (արտացոլել այնպիսի նյութեր, ինչպիսիք են ապակին, փայտը, թիթեղը եւ այլն): Այն պետք է Windows 8-ի հիմքում դրված արագ եւ սահուն շարժումն արտացոլի:

Ինչպես նաեւ լոգոտիպը պետք է պարզ լինի, սակայն դրա հետ մեկտեղ վստահություն մարմնավորի: Այն ողջունում է օգտագործողին որոշակի առաջընթացի հեռանկարով եւ կարող է փոխել գունային ներկապնակն օպերացիոն համակարգի դրույթներից կախված: Ընկերությունն ասում է, որ դա ընդգծում է Windows բազայի համակարգիչների «անհատականությունը», գրում է 3DNEWS-ը: