Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք առաջադրվելու մասին փաստաբանները իմացել են մամուլից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Մենք ենք զանգել քննիչին, մեզ ընդհանրապես որևէ մեկը չէր էլ տեղեկացրել, ասեցին, որ գործը տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն և երեխաներին ժամը 11-ին պետք է մեղադրանք առաջադրեն։ Ամեն դեպքում մենք տեղեկացված չենք, որևէ քննիչ մեզ հետ չի կապվել, սակայն ասեմ, որ առաջին օրը քննչական խմբի կազմում կային Երևան քաղաքի քննչական վարչությունից ներկայացված երկու քննիչներ, որոնք մեր տվյալները գիտեն։ Հիմա սպասում ենք, տեսնենք ինչ է լինելու»,–ասաց նա։
Հարցին՝ առաջադրված մեղադրանքները ինչ պատիժ են նախատեսում, փաստաբանը պատասխանեց, որ քրեական օրենսգրքի 452–րդ հոդվածը (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսում է
2-5 տարի ազատազրկում, սակայն նախատեսում է նաև այլընտրանք, իսկ մյուս հոդվածը 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասն է (պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։





























