Մարտի 31-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հերթական անգամ թիրախավորել են Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային նավահանգիստներից մեկը։ «Լենինգրադի մարզի երկնքում ոչնչացվել է 38 ԱԹՍ։ Ուստ-Լուգա նավահանգստում կան վնասվածքներ», — իր Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Ընդ որում, նա որևէ մանրամասն չի հաղորդել և չի հստակեցրել, թե հատկապես ինչ է վնասվել նավահանգստի տարածքում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուստ-Լուգան արդեն չորրորդ անգամ է հայտնվում ուկրաինական անօդաչուների թիրախում. մինչ այս նավահանգստին հարվածներ էին հասցվել մարտի 25-ին, 27-ին և 29-ին։ Այս հարձակումների հետևանքով նավահանգստի աշխատանքը պարբերաբար կասեցվել է։ Ուստ-Լուգայի վառելիքային տերմինալներով իրականացվում է նավթի, նավթայի (թեթև լուծիչ նավթամթերք), մազութի, ավիակերոսինի և գազոյլի արտահանումը. օրական կտրվածքով այստեղով անցնում է շուրջ 700 հազար բարել վառելիք։ Բալթիկ ծովում սա ռուսական նավթի արտահանման ծավալներով երկրորդ նավահանգիստն է՝ Պրիմորսկից հետո, որը նույնպես մարտի վերջին բազմիցս ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Այս երկու նավահանգիստները միասին ապահովում են ռուսական նավթի արտահանման ընդհանուր ծավալի 40%-ը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո՝ Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացրել են հարվածները Ռուսաստանի նավահանգստային ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։

Ոլորտում Reuters-ի աղբյուրները նշում են, որ ուկրաինական անօդաչուների հարվածները Մոսկվայի համար բարդացրել են համաշխարհային էներգետիկ ճգնաժամից օգուտներ քաղելու հնարավորությունը։ Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ ուկրաինական հարձակումներին նախորդող շաբաթվա ընթացքում նավթի արտահանումը Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլարի եկամուտ է բերել, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2022 թվականի ապրիլից ի վեր։ Փետրվարի վերջի համեմատ նավթի վաճառքից ստացված եկամուտներն աճել են 120%-ով։ Ռուսական Urals տեսակի նավթի գինը կտրուկ աճել է և Հնդկաստանում այն սկսել է վաճառվել բարելի դիմաց 120 դոլարով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Կիևի «գործընկերները», համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին, խնդրել են նվազեցնել ռուսական նավթային օբյեկտների ուղղությամբ հարվածների թիվը։ Նրա խոսքով՝ Կիևը համաձայն է գնալ այդ քայլին միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի ուկրաինական ենթակառուցվածքների վրա հասցվող հարվածները։ Նա նաև հավելել է, որ Կիևը պատրաստ է «էներգետիկ զինադադար» հաստատել առաջիկա Սուրբ Զատկի տոնական օրերին։