Առավոտյան երեխաներին առանց հանձնուք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետև ասեցին շտապ է, պետք է բերեն ՔԿ քաղաքային վարչություն։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նա հենց շենքի դիմացից զանգահարեց ՄԻՊ և հայտնեց հետևյալը. «Ժամը 11-ին պաշտպաններին ծանուցել են, որ լինեն քաղաքի վարչությունում վարույթային գործողության։ Այս պահին ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել, երեխաները ներսում են։ Ես խնդրում եմ ձեր արագ միջամտությունը, մենք խոսում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին, որոնք առավոտյան չեն էլ թողել հաց ուտեն, բերել են քաղաքի վարչություն, որ ինչ-որ շտապ գործողություն ունեն անելու, մինչև այս պահը պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Խնդրում եմ այս անգամ արագ արձագանքեք, չլինի այնպես, ինչպես բերման ենթարկելու օրը, երբ բոլոր գործողությունները ավարտվեց, նոր պաշտպանները կարողացան բարձրանալ իրենց մոտ»։
ՄԻՊ–ից խոստացան արագ պատասխանել։
Քիչ անց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ իրենք քննարկել են քննչական կոմիտեի հետ, միջոցներ են ձեռնարկել իրենց միջամտության արդյունքում, մեզ հիմա թույլ կտան, որ մենք մտնենք ներս։ Եթե բանը հասնում է նրան, որ ես պետք է զանգեմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ մի ժամ էլ անցնի որ նոր մտնեմ ներս, պետությունը շատ լուրջ խնդիր ունի ու շատ լուրջ մտածելու բան ունի»։
Ի վերջո, փաստաբաններին թույլ տրվեց ներս մտնել։
Նշենք, որ այստեղ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի առաջ րս դուռը չեն բացում։ Նրա խոսքով, սա առաջին դեպքը չի, միակ դեպքը չի, քննչականի գործունեության մեջ այլևս սովորական է դարձել արհամարհել փաստաբաններին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











