Ինդոնեզիայի կենտրոնական մասում գտնվող Արևելյան Յավա նահանգի տարածքում Սեմերու հրաբխի առնվազն չորս ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին ասված է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի հայտարարության մեջ։
Ըստ կենտրոնի տվյալների՝ մոխիրը հասել է հրաբխի խառնարանից 900 մ բարձրության, կամ ծովի մակերևույթից 4 576 մ բարձրության: Այն մեծ ինտենսիվությամբ տարածվում է դեպի արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավարևմտյան ուղղություններով: Կենտրոնը տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տվել պահպանել զգուշություն և չմոտենալ խառնարանին 5 կմ շառավղով՝ հրաբխի կողմից շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով:
Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է (ծովի մակերևույթից 3 676 մ) և Յավա կղզու ամենաբարձր գագաթը:
Աշխարհի խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակում», ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկ ակտիվության: Ինդոնեզիայում ընդհանուր առմամբ ավելի քան 500 հրաբուխ է հաշվվում, որոնցից գործող են մոտ 130-ը:





























