Սուրբ Աննա եկեղեցում այդ միջադեպը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքը չլիներ։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։

«Իրողությունը տեղի է ունեցել մարդկանց աչքի առջև։ Մարդիկ գնացել էին ծաղկազարդի սուրբ պատարգի մասնակցելու, և Նիկոլ Փաշինյանը խայտառակ պահվածք դրսևորեց, ներխուժեց եկեղեցի՝ բոլորին հրելով և, ըստ էության, սադրեց այս իրավիճակը։ Այս ամենը շատ ամոթ է, երբ 50 տարեկան տղամարդը, առավելևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման վերաբերմունք է  դրսևորում, նման սադրանքների է գնում։ Դա անընդունելի է և կապ չունի որևէ քաղաքական իրողությանն հետ։ Սա ընդամենը բարոյականության հարց է։

Առավելևս, հաշվի առնելով, որ ներգրավված անձինք երեխաներ են, որոնք ոչինչ չեն արել, ընդամենը զոհ են գնացել Փաշինյանի հերթական մանիպուլյացիային և սադրանքին, ես պետք է ասեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական դերակատարները պետք է միանշանակ դատապարտեն այն ֆարսը, որ տեղի է ունենում այստեղ, և պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, բիծ չմնա նրանց կենսագրության վրա։ Սա Փաշինյանի հերթական շոուն է, հերթական սադրանքն է, որին ականատես ենք եղել նախկինում ու էլի ականատես ենք լինելու, քանի դեռ այս մարդիկ իշխանության են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ձերբակալվել է նաև հասարակական ակտիվիստ Գևորգ Գևորգյանը, Պարոնյանն ասաց. «Այո, նրա վերաբերյալ որևէ փաստ գոյություն չունի, Գևորգյանը և երիտասարդները միասին չէին, եկել էին եկեղեցի ինչպես հարյուրավոր մարդիկ։ Փաստը մնում է փաստ, որ Գևորգյանը անձամբ ոչինչ չի արել, այնտեղ հանգիստ կանգնած էր։ Ինչ վերաբերվում է երիտասարդներին, ես չեմ ընդունի ու իմ կարծիքով ոչ մի բանական և ողջամիտ մարդ չի ընդունի, որ այս երիտասարդները հատուկ եկել էին եկեղեցի, որպեսզի Փաշինյանի դեմ ինչ-որ բռնություն գործադրեն։

Բոլոր նորմալ մարդիկ կկանգնեին, կլսեին պատարագը, կաղոթեին, կգնային, իսկ Փաշինյանը իր շքախմբով, անվտանգության աշխատակիցներով մարդկանց բրդելով շարժվեց առաջ, խանգարեց պատարագը, դե մարդիկ էլ բնականաբար իրենց կարծիքը արտահայտեցին։ Փաշինյանի փոխարեն ով էլ լիներ և նման պահված ցուցաբերեր եկեղեցում, պարզ է, որ դրանից բխելու էր մարդկանց անհամաձայնությունը, դժգոհությունը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, Նարեկ պարոնյանն ասաց, որ թեև փաստեր չկան, բայց հաշվի առնելով դատական համակարգի վիճակը , ինչ ուզենան, դա էլ կանեն. «Բոլորս էլ գիտենք, որ Փաշինյանը շատ քինախնդիր և հիշաչար մարդ է, և ցանկացած նմանատիպ քայլ իր հանդեպ հիշում է և փորձում է հնարավորության դեպքում «մուռ հանել»։

Ինչ վերաբերվում է իմաստին, Փաշինյանի գործողությունների մեջ շատ հաճախ առաջին հայացքից իմաստ չկա, օրինակ նույն մետրոյում մեր հայրենակցու վրա հարձակվելը, կամ կռեհիկ ձևով ժինգյալով հաց ուտելու պատմությունը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն իր այս սենսացիոն և անընդունելի պահվածքով ընդամենը փորձում է մնալ տեղեկատվական մեյնսթրիմում, որովհետև նա հստակ հասկանում է, որ քաղաքականապես առաջարկելու բան չունի, քաղաքական խոսույթը սպառվել է, արդեն անցել է բացահայտ սպառնալիքի և պատերազմով շանտաժի։ Քանի որ մարդիկ չունեն առաջարկ հանրությանը, նրանք պետք է գնան էժանագին մանիպուլյացիաների, էժանագին շոուների։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է նմանատիպ բաների վրա»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել,  Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։