Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, գնում է վաբանկ, որովհետև ինքը հասկանում է, եթե հունիսի 7–ին չկարողանա վերընտրվել, ապա պատասխան է տալու իր բոլոր արարքների համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։
«Նա շատ լավ հասկանում է, որ արդարադատության առջև է կանգնելու և իր բոլոր արածների համար պատասխան է տալու, հետևաբար ցանկացած մեթոդների դիմելու է, կապ չունի, 18 տարեկաններ են, անչափահաս երեխաներ են, արցախցի մեր հայրենակցուհին է՝ անչափահաս երեխայի հետ։ Սա մեր հասարակության համար պետք է ազդակ և ցուցիչ լինի, որ սիրելի հայրենակիցներ, նայեք այս մարդիկ ինչերի են ընդունակ։ Ճիշտ է, մենք այս երկարուձիգ տարիների ընթացքում արդեն հասկացել ենք, որ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և բարոյական և մարդկային սահման, որը նա չի կարող անցնել, բայց ըստ էության սա ևս մեկ անգամ մեր քաղաքացիների համար պետք է հստակ ապացույց լինի, որ այս մարդիկ պատրաստ են ցանկացած քայլի, անելու են անելու են ամեն ինչ, բոլոր անմեղ, մեղավոր, կապ ունեցող, չունեցող մարդկանց լցնելու են բանտերը, միայն և միայն իրենց սեփական վերարտադրությունը ապահովելու համար»,–ասաց նա։
Պարոնյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է մարդկանց ահաբեկել, ինչը չի ստացվում. «Ձեռները գցում է փրփուրներից, փորձում է ամեն կերպ մարդկանց ահաբեկել, վիրավորել, նեղացնել, որպեսզի մարդիկ չգնան ընտրությունների, թքած ունենան ընտրությունների գործընթացի վրա և նա իր փոքր, բայց շատ կուռ էլեկտորատով կարողանա վերարտադրվել։
Հիմա օգտվելով առիթից ես կուզենայի մեր ժողովրդին ասել՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության ամենաթողությունը և լկտիությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրենք իշխանության են։ Միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու դա մասնակցել ընտրություններին, մեր վճռական «ոչ»–ը ասել այս խմբակին և մեր հայրենիքի գահավիժումը դադարեցնել»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպես են պատկերացնում իրենց հետագա պայքարը, թե ժողովուրդը «ոչ» չասի գործող իշխանություններին, «Միասնության թևերի» անդամն ասաց. «Հիմա մեթոդիկայի և մանրուքների մեջ ընկղմվելու կարիք այստեղ չկա առավել ևս, որ պատճառը այլ է մեր այսօր այստեղ գտնվելու, բայց պայքարը շարունակելու ենք միանշանակ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հեռացնել այս մարդկանց, այս պատուհասներին: Բնականաբար բոլոր այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում վճռականորեն զրկանքներ կրելով պայքարել են, շարունակելու են պայքարել և Փաշինյանը և իր խումբը ոչ մի պարագայում չի կարող վախեցնել և ահաբեկել իրական ընդդիմադիրներին։
Ես կուզենայի հորդորել և խնդրել մեր հայրենակիցներին՝ մի վախեցեք, որովհետև մենք, որոնք համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, ավելի շատ են և շատ ավելի ուժեղ են, քան Փաշինյանը և իր ղեկավարած ռեժիմը»,–ասաց նա։











