Սա թյուրիմացություն է, որ իմ երեխեքի հետ եղել է, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագհի են մասնակցում, Կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, հիմա ավագ դպրոցում են սովորում, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցականներ Միքայել և Դավիթ Մինասյանների մայրը՝ տիկին Գայանեն։
«4 տարեկանից սկսած ես իրենց առողջության հետ կապված հոգ եմ տանում, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ ուղղակի՝ անաչառ քննություն արվի։ Ինձ որպես մայր հնարավորություն տրվի երեխուս տանը տիրություն անել, որ գոնե առողջությունը, կյանքը չվտանգվի։ Ես միայն դա եմ խնդրում։ Ես բաց նամակ եմ հրապարակել իմ կողմից։ Խնդրում եմ՝ տվեք ինձ հնարավորություն որպես մայր, որ ես իմ երեխային տանը, իմ հսկողության տակ, որպես մասնագիտությամբ բժիշկ, տիրություն անեմ, մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։ Էն մյուս տղաս էլ, կասկածում եմ, որ թոքաբորբ է։ Ես հիմա խառնված եմ, չեմ կարողանում հանրայնորեն խոսել, ուղղակի խնդրանքս դա էր։
Մեր երեխեքին մենք շատ դժվարությամբ մեծացրել ենք, իրենք կիրթ, դաստիարակված երեխեք են։ Իրենք ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Տուն, դպրոց, պարակել, պատարագի»,–ասաց նա։
Անդրադառնալով միջադեպին, Դավիթի մայրն ասաց. «Ամենալավն իր երեխային մայրն է ճանաչում։ Այդ հրմշտոցի մեջ տեսնում եք, որ իրեն խփում են, ինքն ընկնում է, վեր է կենում, եղբայրը իրեն պահում է, օգնում է, էդ հրմշտոցի մեջ հրում են։ ԷԹդ հրմշտոցի մեջ գուցե ինքը բան է արել, ասել է՝ ես էստեղ եմ ուզում կանգնեմ։ Չգիտեմ, թող անաչառ քննություն լինի, տեսանյութերը կան»։
Հարցին՝ իր որդիները ինչ–որ քաղաքական հայացքներ ունե՞ն, տիկին Գայանեն բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես։ Ոչ մենք՝ իրենց ծնողները, ոչ իմ տղաները, մենք ընդհանրապես անկուսակցական ենք, ոչ մի կուսակցության հետ կապ չունենք։ Եվ դա էլ է ինձ համար տանջանք, թե ինչի՞ են մեզ այդ պիտակը կպցնում»։
Նշենք, որ դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակում է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր միայն պետք է հրապարակվի որոշումը։
Նշենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիք Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











