Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսպես նա պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ որպես տարբերակներից մեկը դիտարկվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հարցը:

«Չափազանց կարևոր է հաշվի առնել փորձագիտական մակարդակով՝ նկատի ունեմ հենց ոլորտային գերատեսչության և դրա ղեկավարության կողմից արված այս հայտարարությունը։

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է, որը կարելի երկարաձգել ևս 10 տարով։ Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այս պայմանագրի դրույթները, իսկ հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքներում կատարված ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 միլիարդ ռուբլին։

Ինչ վերաբերում է բարձր մակարդակով բանակցություններին, ապա դրանք, ավանդույթի համաձայն, մեկնաբանում է նախագահի աշխատակազմը»,- ասել է Մարիա Զախարովան։