Ճանապարհին Դավիթ Մինասյանը ուշագնաց է եղել, բուժօգնություն են ցույց տվել, հետո բերել են քրեակատարողական հիմնարկ, հիմա սպասում ենք հիվանդությունների պատճենները բերեն, որ ներկայացնենք ՔԿՀ պետին, որպեսզի փորձեն պատշաճ բուժօգնություն կազմակերպել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Մենք սրա մասին էինք բարձրաձայնում, որ Դավիթը առողջական խնդիրներ ունի, որ չմտածեին, որ ինչ-որ փաստաբանական հնարքներ են գործում։ Անգամ ասեցինք, որ դեպքից մի շաբաթ առաջ եկեղեցում է անգամ վատացել, բոլորը կարող են փաստել դրա մասին։
Սա տարիների պատմություն ունի, սրան էինք ուզում, որ ուշադիր լինեին։ Դա էր նպատակը տանը մնալու, որպեսզի մայրը խնամք տաներ, որ առողջական խնդիրներ չունենար։
Դավիթի կալանքի որոշումը դեռ չենք ստացել, երևի այսօր կստանանք և անպայման կփողոքարկենք։ Հույս ունենանք, որ վերաքննիչ դատարանը գոնե կգտնվի իր բարձրության վրա»,–ասաց նա։
Անդրադառնալով այսօր հրաօպարակված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի թիկնապահը հարվածում Դավիթ Մինասյանին, փաստաբանն ասաց. «Այդտեղ մեկնաբանության բան չկա, տեսնում եք՝ ոնց է երեխային հարվածում, ոնց է հայհոյում։ Ես ևս մեկ անգամ ևս դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք այդ օրը գտնվել են եկեղեցում, որոնք ունեն համապատասխան կադրեր, խնդրում եմ ձեր ունեցած տեղեկատվությունները փոխանցեք պաշտպանական կողմին, որպեսզի ներկայացնենք վարույթ իրականացնող մարմնին, որ ճշմարտությունը բացահայտվի։
Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այս երեխան որևէ քաղաքականության հետ կապ չունի, ինքը ձեռքի շարժումը արել է իրեն հարվածողից պաշտպանվելու նպատակով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։
Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











