Դավիթ Մինասյանի հետ ես չհասցրեցի տեսակցել, որովհետեւ հենց նոր նրան տեղափոխել էին կարանտինային բաժին, մենք հիվանդանոցում Դավիթին տեսանք, այդ պահին գիտակցության էր արդեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Ցավով պետք է ասեմ, որ ընդամենը 2 րոպե տևեց Դավիթի հետազոտությունները։ Խնդրեցինք բժիշկներին սպասել մինչև բժշկական փաստաթղթերը բերեն, որ դուք էլ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, միգուցե լրացուցիչ հետազոտության կարիք ունի։ Դավիթին անմիջապես տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։ Բայց կարող եմ ասել, որ գիտակցության էր։ Ես այստեղ որպես ծնող եմ եկել, ոչ թե որպես փաստաբան»,–ասաց նա։ Հարցին, արդյոք Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության ժամանակ քննության առնվել է տեսանյութը, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է նրան, Էլբակյանն ասաց, որ այդ տեսանյութը այսօր են իրենց տրամադրել. «Տեսանյութը միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմնին կներկայացնենք, որպեսզի զննվի և կցվի գործին, թեպետ չեմ կարծում, որ շատ մեծ բան փոխվելու է։ Բոլորիս համար էր ակնհայտ, որ Դավիթին հարվածել են»։

Փաստաբանն ասաց, որ գործը հսկող դատախազը կարող է փոփոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը. «Այլ խնդրանք ես և այս մարդիկ չունենք»։

Անդրադառնալով Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի գրառմանը, ով նշել էր. «18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում», փաստաբվանն ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, պաշտոնատար անձը չարախոսում է և  հիացմունք եմ տեսնում նաև իր գրառման մեջ։ Աստծո գործերն անքննելի են և որևէ մեկն էլ այսօր անպատասխան չի մնում իր կատարած արարքների համար, միայն դա կասեմ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։

Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։

Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։