Դավիթ Մինասյանին կալանավորելու համար երեք հիմքն էլ նշել են՝ կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել քննությանը և կարող է նոր հանցագործություն կատարել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Դա արել են առանց որևէ հիմնավորման։ Իհարկե, չգիտեմ դատարանը հիմա ինչ որոշում է կայացրել երեք հիմքի մասով, բայց այս որոշման պարագայում ինձ թվում է մի չորրորդ հիմք էլ մտածած կլինեն, օրենքը երեք է նախատեսում, կարող է դատարանը չորրորդն էլ մտածած լինի»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ գործի նյութերի կազմակերպիչը (խոսքը Գևորգ Գևորգյանի մասին է–խմբ) գրավով ազատ է արձակվում, իսկ կատարող 18–ամյա Դավիթը կալանավորվել է, Էլբակյանն ասաց. «Ինձ թվում է իրենք էլ են հասկանում՝ դա այնքան մերկապարանոց մեղադրանք է, ի՞նչ կազմակերպիչ, ի՞նչ կատարող, ի՞նչ օժանդակող։ Միքայելն էլ իբրև օժանդակող է։ Իրենք էլ են ամեն դեպքում հասկանում, որ սա դատական վախճան չի ունենալու, սա ճակատագիր չունեցող գործ է։ Բնականաբար պետք է այդ կազմակերպիչը ինչ-որ գործողություններ արած լինի։ Կազմակերպչի համար օրենսդիրը հատուկ սահմանում է տալիս՝ ինչ պետք է արած լինեն, մինչդեռ այս մարդիկ իրար ընդհանրապես չեն ճանաչում, որևէ կապ չկա»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։

Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։

Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։