Տեսել եմ Դավիթին, նրա առողջական վիճակը գնահատում եմ նորմալ, մի քիչ դեռ թույլ էր ուշագնացությունից հետո, ինքը լիովին չի գիտակցում ուր է հայտնվել և ինչի համար, ներաշխարհը մի փոքր խառնված է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Բանտախցում Դավիթը մենակ չէ, թե ինչ տարիքի է խցակիցը չեմ կարող ասել, բայց հավանաբար տարիքով մեծ է, քանի որ կարծում եմ Դավիթը ՀՀ-ում միակ դպրոցականն է, որը գտնվում է կալանքի տակ։ Մայրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին բացատրել է Դավիթի հիվանդության դրսևորումները, և թե ինչ հնարավոր ալերգիկ ռեակցիաներ կարող է առաջանալ նրա մոտ։ Լիահույս եմ, որ բժիշկները կանեն ամենը, ինչը կախված է նրանցից»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Անդրադառնալով Դավիթի ուսումնական գործընթացի կազմակերպմանը փաստաբանն ասաց. «Դիմելու ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի ապահովվի կրթության իրավունքը։ Ես կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարը պետք է երաշխավոր դառնա նրա լավագույն աշակերտի համար։ Դատավոր Մարտիրոսյանը գտել է, որ Դավիթի ծնողները իրենցից վտանգ են ներկայացնում և արգելել է հանդիպել Դավիթի հետ։ Մենք խափանման միջոցի փոփոխման բոլոր տարբերակներն առաջարկել ենք, բայց դատավորը որոշել է, որ Դավիթը պիտի Արմավիր ՔԿՀ-ի հացը ուտի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։
Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











