«Մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որը երկարատև աշխատանքի և բազմաթիվ միջազգային խաղացողների մասնակցության արդյունք է։ «Ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը։ Ակնհայտ է, որ նա իր ներդրումն է ունեցել այս գործընթացում»,- նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը հարաբերությունների կարգավորման գործում։ «Սակայն ակնհայտ է, որ դուք անձամբ խաղացել և շարունակում եք խաղալ կարևոր, շատ կարևոր դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Դուք միշտ աջակցել եք այդ բոլոր գործընթացներին, և մենք միշտ սերտ կապի մեջ ենք եղել: Ես միշտ պարբերաբար տեղեկացրել եմ ձեզ՝ ինչ գործընթացներ են ընթանում»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով վերջին իրադարձությունների մասին ՝ նա նշել է դիվանագիտական ​​շփումների կարևորությունը. «Եվ, ի դեպ, անցյալ օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի ձեզ, ասացի, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը նոր հնարավորություններ է բացել մեր հարաբերությունների համար: Եվ հիմա դա փաստ է: Ես արդեն հիշեցրել եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի մասին»։

Փաշինյանն ընդգծել է, որ Ղարաբաղի և տարածաշրջանային կայունության հարցերի վրա աշխատել են տասնամյակներ շարունակ, սակայն վերջնական որոշում ընդունել հաջողվել է միայն վերջերս: «Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք այդ հարցի վրա: Բայց, ցավոք, մեզ երբեք չի հաջողվել նման որոշման հասնել»,- նշել է նա։

Ինչ վերոբերում է բուն ղարաբաղյան հարցին, նա հայտարարել է. «Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը։ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա դա նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ՝ դա շատ ամուր բազա է խաղաղության հետագա զարգացման համար»։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին խաղաղության գործընթացում ցուցաբերած աջակցության համար. «Եվ ես, իհարկե, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ այն աջակցության համար, որը միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ենք ճանաչել, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարել է այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»։