Եվրահանձնաժողովը դեռեւս իրանական նավթը ԵՄ-ի երկրներ մատակարարումը դադարեցնելու մասին հաստատում չի ստացել: 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք տեղյակ են Թեհրանի` Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա նավթի մատակարարումը դադարեցնելու որոշման մասին, սակայն դեռեւս հաստատում չեն ստացել, որ նավթը դադարել են մատակարարել:  Ընդ որում` Եվրահանձնաժողովում վստահություն են հայտնել, որ  Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա մատակարարվող նավթի դադարեցումը չի անդրադառնա ԵՄ-ի էներգաանվտանգության վրա, քանի որ նա բազմաթիվ այլընտրանքային էներգակիրներ ունի, եւ կան հնարավորություններ  այլ պետություններից էներգամատակարարումների ընդլայնման համար:

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ներմուծում են իրանական հում նավթի հարաբերական ոչ մեծ ծավալ: Իրանական նավթի  արտահանումը ԵՄ երկրներ հիմնականում բաժին է ընկնում Իտալիային, Իսպանիային եւ Հունաստանին: 

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ դադարեցվել է նավթի մատակարարումը Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա: