Սա ուղիղ ձեռագիրն է այսօրվա իշխանության։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով նրան, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց։

«Էդ որ իրենք ասում են խաղաղություն, այդ խաղաղությունը իրենք թուրքերի համար են խոսում, ոչ թե հայերի համար։ Թուրքը միշտ վախեցել է հայից, ոչ թե հայն է վախեցել թուրքից, ինչքան էլ այսօրվա իշխանությունը փորձում է թուրքերով մեզ վախեցնել։ Մենք ցավ ենք ապրել ներսի թուրքից, ով թուրքի առաջ ծնկի է իջնում։ Երիտասարդ էդ տղաները, իրականում շատ-շատ բարձր երեխեք են։ Ես իրենց Սուրբ Աննա եկեղեցում  շատ հաճախ էի տեսնում այդ երեխաներին, երևի մի հինգ-վեց անգամ տեսել եմ և երբ ինձ տեսնում էին, բարևում էին»,–ասաց նա։

Անդրադառնալով այդ օրվա միջդեպին, Գևորգ Գևորգյանն ասաց, որ մինչև միջադեպն էլ ինչ–որ իրավածություն կար, քանի որ տեղը նեղ էր և երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում իրենց ղեկավարի համար, երեխեքը կարող է այդ ընթացքում հետ-հետ գնալուց հրվում, ընկնում են. «Երեխեքին դարձնել թիրախ ու Ծաղկազարդի օրը հարվածել նրանց, անընդունելի է»։

Գևորգյանը կարծիք հայտնեց, որ սա արվում է վախ սերմանելու համար. «Երիտասարդները դրանով իրենց ըմբոստությունը ցույց տվեցին։ Ի սկզբանե, երբ որ Նիկոլը գալիս էր եկեղեցի, ինքը տեսնում էր, որ այդ եկեղեցում չկան այն մարդիկ, որոնք սովորաբար պետք է իրենց դիմավորեն։ Իմ խորին համոզմամբ, իրենք դա միշտ կազմակերպում են բոլոր տեղերում, այստեղ կազմակերպված չէր և իրենք այդտեղ հանդիպեցին հայ ժողովրդի իրական մոտեցմանը իրենց նկատմամբ, որին իրենք արժանի են»։

Գևորգ Գևորգյանը հայտնեց, որ 5 մլն գրավը դեռ չի վճարել, պետք է վճարի մինչև օրվա ավարտը, եթե չվճարի, իրեն կկալանավորեն. «Ինձ թվում է՝ ինձ այլ պատճառներով են ձերբակալել, որովհետեւ այսքան տարիների ընթացքում ինձ ոչ մի ձև չեղավ լռեցնել։

Խուզարկել են իմ և ծնողներիս բնակարանները»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։