Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակցին ՊՊԾ աշխատակիցն այնպիսի հարված է հասցրել, որ նա նույնիսկ մարմնական վնասվածքներ չի ստացել, թեև կարող էր ստանալ։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել Սուրբ Աննա եկեղեցում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ երբ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները տեսնում են, որ իրենց կողմից պահպանվող անձի նկատմամբ սպառնալիք կա, նրանք կարող են ուժ կիրառել, հարվածել, իսկ սուր իրավիճակներում՝ նույնիսկ զենք կիրառել։
«ՊՊԾ աշխատակիցն ինչի՞ համար է։ Որ ուժ կիրառի, եթե նման իրավիճակ առաջանա։ Նրանք ունեն բոլոր լիազորությունները։ Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համա», - ընդգծել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ինքը չի հանդուրժի, որ Հայաստանում որևէ ծառայություն չկատարի իր պարտականությունները։ «Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի ՊՊԾ, կլինի բանակ, կլինի ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ։ Նրան այնպիսի հարված է հասցվել, որ նույնիսկ մարմնական վնասվածք չի ստացել, երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել։ ՊՊԾ աշխատակցի աշխատանքը գնահատելն իմ աշխատանքը չէ», - ասաց է Փաշինյանը։
Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչու է ինքը, տեսնելով, որ Սուրբ Աննա եկեղեցին լիքն է հավատացյալներով, որոշել անցնել մարդկանց միջով և հասնել մինչև խորան, և արդյոք դա սադրանքի չի հանգեցրել՝ նա պարզաբանել է, որ ոչ մի տեղ գրված չէ, թե ինքը խորանին մոտենալու իրավունք չունի։ «Ինչ վերաբերում է եկեղեցուն, այդ ամեն ինչը ուղիղ եթերում է եղել։ Ես, երբ հասել եմ եկեղեցի մուտքի մոտ հերթ եմ կանգնել։ Մարդիկ դուրս էին գալիս մի մասը, մի մասը մտնում էին, սպասել եմ դուրս եկողները դուրս են եկել և ես մտել եմ։ Ինչո՞ւ պիտի խորան չգնայի։ Որտե՞ղ է դա գրված, որ ես խորան չպիտի գնայի։ Տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս էին մտնում․․․ մարդկանց անընդհատ հոսք կար»,- նշել է Փաշինյանը։





























