Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանում մանրամասն քննարկել է տվյալ հարցը, և այդ քննարկումները կշարունակվեն։ Նրա գնահատմամբ՝ ներկա պայմաններում Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունները (TRIPP համաձայնագրի ստորագրման ֆոնին – խմբ.)։ «Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները», - հավելել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ոչ միայն խնդիրներ չունի, այլև Երևանը բարձր է գնահատում Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները և չի ցանկանում վնաս հասցնել նրա շահերին։ «Բայց, մյուս կողմից, ներկա իրավիճակը հնարավորություն չի տալիս օգտագործել մեր մրցակցային առավելությունները։ Մենք միասին պետք է մտածենք լուծումներ գտնելու շուրջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը։




























