Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսօր՝ ապրիլի 2–ին, Ավագ Հինգշաբթի, ոտնլվայի կարգ է տեղի ունենում։

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին: Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:

Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի:

Հիշեցնենք, որ Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 16-ից, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։