Հայաստանի էլեկտրական ցանցերի լիցենզիան հետ կանչելու գործով Վարչական դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանը անբավարար է համարել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի և ՀԾԿՀ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) ներկայացրած ապացույցների մեծ մասը։ Հիշեցնենք, որ որոշումը հրապարակվել էր մարտի 26-ին. դատարանը մերժել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցը։
Օրբելյանի խոսքով՝ վերաքննիչ բողոքը հիմնված է լինելու այն կետերի վրա, որոնց քիչ ուշադրություն է դարձվել և որոնք ամբողջական պատասխան չեն ստացել։ Հայցվորը դատարանին խնդրելու է բողոքը քննել արագացված կարգով, քանի որ հարցը վերաբերում է ողջ բնակչությանը։ Օրբելյանն ակնկալում է, որ բողոքը կքննվի մի քանի ամսվա ընթացքում։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը ընդգծել է լիցենզիայի հետկանչման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած գործընթացի քաղաքական դրդապատճառները։ Նա բազմաթիվ անհամապատասխանություններ և փորձեր է նշել, ըստ որոնց ՀԷՑ-ի նոր ղեկավարությունն իր թույլ տված սխալները փորձում է վերագրել Սամվել Կարապետյանի կառավարմանը՝ նրա վրա ճնշում գործադրելու նպատակով։ «Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց խաբում են», - հայտարարել է Ղազինյանը՝ հավելելով, որ հավելագրումների և կորուստների մասին հավաստիացումները հիմնազուրկ են։ Նա նաև հերքել է այն պնդումները, թե բաժանորդներն իբր ստիպված են եղել վճարել ներդրումային ծրագրերի տոկոսները։ Նա նշել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հանձնարարել է լուսանկարել 10,000 ենթակայաններից վատթարագույն վիճակում գտնվող 25-ը։ «Ոչ ոք չի էլ ասում, թե ամեն ինչ իդեալական վիճակում է։ Բայց այդ դեպքում թող ստեղծեն եռակողմ հանձնաժողով՝ ՀԷՑ-ի, ՀԾԿՀ-ի և սեփականատիրոջ մասնակցությամբ՝ իրավիճակն ուսումնասիրելու համար։ Այդ ժամանակ մենք ցույց կտանք՝ ինչ է արվել, քանի ենթակայան է վերանորոգվել։ Մյուս կողմից՝ նրանք արդեն 8 ամիս է ղեկավարում են ՀԷՑ-ը, ինչո՞ւ իրենք չեն վերանորոգում», - նշել է Ղազինյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում անջատումների թիվը 40 տոկոսով աճել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Օրբելյանը նաև նշե է, որ դատարանը հատուկ մատնանշել է ընդունման-հանձնման ակտի բացակայությունը, ուստի անհնար է ապացուցել, թե երբ են ի հայտ եկել խախտումները։ Ներկայումս ընկերության սեփական կապիտալը գերազանցում է 500 մլրդ դրամը, ինչը վկայում է նախորդ տարիներին կատարված ներդրումների հոսքի մասին։ Ղազինյանը հավելել է, որ 10 տարի առաջ ընկերությանը մնացել էր 3 ամսվա կյանք, գործը գնում էր դեպի սնանկացում։ «Խնդրեցին Կարապետյանին վերցնել, և նա առանց որևէ սպասելիքի, իմանալով, որ ստիպված է լինելու փակել բացասական հաշվեկշիռները, վերցրեց։ Ճիշտ կառավարման շնորհիվ հիմա ընկերության արժեքը մոտ 10 մլրդ դոլար է։ Ընդ որում, ՀԾԿՀ-ն թույլ չտվեց սեփական միջոցները ներդնել»,- հիշեցրել է Ղազինյանը՝ հավելելով, որ «հանձնաժողովը բարձրացնում է բաժանորդների միացման արժեքը և մեղքը բարդում մեզ վրա»։ Նա նաև հայտնել է, որ մինչ գործընթացի սկսվելը մշտական կապ է եղել ՀԾԿՀ-ի հետ, սակայն լիցենզիայից զրկելու հեռանկարի մասին նույնիսկ ակնարկ չի եղել։ «Ինչո՞ւ գործընթացն սկսվեց հունիսի 18-ից հետո։ Այդտեղ ուղիղ կապ կա»,- հայտարարել է Ղազինյանը։
Արամ Օրբելյանը շեշտել է, թե ինչպես կանդրադառնա լիցենզիայից զրկելը Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության վրա. «Որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե պետականացնում են, որովհետև նա (Սամվել Կարապետյանը) ՌԴ քաղաքացի է, բոլորը կմտածեն, որ կարող են խլել ազգային պատկանելության հատկանիշով։ Արդեն կան դեպքեր, երբ պոտենցիալ ներդրողները հիշատակում են ՀԷՑ-ի դեպքը։ Եվ սա միակ դեպքը չէ. հիշեք «Սանիթեքը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՄԿԿ), Ամուլսարը, ներդրումների պաշտպանության վերաբերյալ խոշոր գումարների հետ կապված 4-5 արբիտրաժային գործերը»։




























