Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը դասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ–ի գրասենյակից դիմաց։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «ենք հավաքվել ենք մեր հին դասարանով և նոր դասարանով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ պահանջով՝ փոխել Դավիթ Ներսիսյանի կալանքը։ Մենք ուրիշ պահանջ չունենք։
Մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ և ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ-որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։
Դավիթը կռվարար չի եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է, և այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել, նա այդպիսի պահված կյանքում չի դրսևորել»,–ասաց նա։
Նրանք հայտարարեցին, որ իրենց ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև Դավիթ Ներսիսյանի կալանքը փոխվի, գոնե տնային կալանք տրվի. «Մեր ակնկալիքն այն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի և տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ, և որպեսզի ինչ-որ գործողություններ տեղի ունենան և որոշումը փոխվի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











