Երեւան ՀԵԿ-ի խափանման պատճառով, փետրվարի 20-ի գիշերը հոսանքազրկվել էին քաղաքի կենտրոնի մի քանի շենքեր: Աբովյանի փ. 34, 34ա եւ 36 շենքերում լույսն անջատվել էր մոտավորապես 00.50-ին` մինչեւ 07.00-ն: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են այդ շենքերի մի քանի բնակիչներ` դժգոհելով, որ անջատումները բավականին հաճախակի են. միայն հունվարին տեղի է ունեցել 4 հոսաքազրկում` 1-2 ժամով:

Ինչպես NEWS.am-ին պարզաբանեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունում, նշված շենքերի էլեկտրասնուցումն իրականացվում է Երեւանի ՀԷԿ-ի 6 կՎ 6-րդ բջիջ-ԲԵ 4- ՏԵ 194 սխեմայով: Փետրվարի 20-ին ժամը 00:44-ին էլեկտրամատակարարումը խափանվել է Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով, որը վերականգնվել է ժամը 03:04-ին:

Սակայն ՏԵ 194-ի բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է ժամը 06:00-ին, քանի որ վերը նշված վթարից բացի, անջատվել էր նաեւ ԲԵ 4-ից ՏԵ 194-ի ուղղությունը` մալուխի վնասման պատճառով: