Դավիթին առավոտյան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Աբովյանի հիվանդանոց, իսկ այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը։

«Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» ԲԿ–ից տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։

«Մենք ցանկացանք, որովհետև իրեն այս կարելի է, այս չի կարելի, ալերգիա ունի անաֆիլակսիայով, սիստեման միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասեցի՝ չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական խնդիրներ կան, իր աղիները վիրահատված է, տարբեր ալերգիաներ ունի, շնչահեղձություն ունի, գլխուղեղի անոթների խնդիր ունի, երբ որ կապտում է, սառը քրտինք է տալիս, գիտակցության կորուստ է ունենում»,–ասաց նա՝ խնդրելով ընդհատել զրույցը, քանի որ պետք է մեկնի «Նաիրի» ԲԿ։

Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ–ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,-ասել էր  ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Դրանից քիչ անց Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել էին «Աբովյան» ԲԿ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։