Թուրքիայի  վերահսկիչ խորհուրդն ավարտել է Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ սկսված Դինքի սպանության գործով ուսումնասիրությունը եւ այն ներկայացրել հանրությանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  զեկույցում նշվել է, որ ոստիկանությունն ու ժանդարմերիան տեղյակ են եղել, որ Հրանտ Դինքի կյանքը վտանգի տակ է եղել, սակայն վտանգը կանխելու համար համապատասխան քայլեր չեն իրականացվել։ Նշվել է նաեւ, որ Դինքի սպանությունից հետո հետաքննությունը մի շարք թերուցումների պատճառով չի ունեցել շոշափելի արդյունք։

653 էջից կազմված զեկույցում պահանջվում է, որ Դինքի սպանության մեջ իրենց պարտականություններում թերացումներ ունեցած պաշտոնյաները դատվեն առաջին ատյանի դատարաններում։

Նշենք, որ օրեր առաջ հրապարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։

«Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։