«Դատարանն է գալիս» հայտնի հեռուստածրագրի նախկին վարող, «փաստաբան» Վլադիմիր Օրեշնիկովը պարզվել է ոչ թե փաստաբան է, այլ մեծ խաբեբա:

Ինչպես հաղորդում է  NEWSru.com-ը, Տվերի շրջանային դատարանը Օրեշնիկովին խաբեբայության համար դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Տասներկու տարի շարունակ նա ապօրինի կերպով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ` օգտագործելով կեղծ դիպլոմը:

Հեռուստաաստղի խաբեությունը բացահայտել է նրա հաճախորդներից մեկը` գործարար Սերգեյ Սլոբոդյանիկը: Նրան մեղադրել են ապօրինի բանկային գործունեության մեջ:  Քրեական պատասխանտվությունից ազատվելու համար բանկիրն իր փաստաբանի միջոցով մի քանի անգամ  իբր կաշառք է վճարել, ընդհանուր`20 մլն ռուբլու չափով: Ավելի ուշ Սլոբոդյանիկը հետաքննությանը հայտնել է, որ չնայած  դրան, իրեն, այդուհանդերձ, մեղադրանք են առաջադրել, իսկ «փաստաբանը» նոր գումարներ է պահանջել: Օրեշնիկովը ձերբակալվել է անցած տարի հոկտեմբերին:

Ըստ «Կոմերսանտի», Օրեշնիկովը փաստաբանական գործունեությամբ է զբաղվել 1990-ականներից: Նա փաստաբանի կարգավիճակ է ստացել Մոսկվայի մարզի կոլեգիայի կողմից` օգտագործելով  Բելառուսի պետական համալսարանի կեղծ դիպլոմը: