Պերմի երկրամասի Դոբրյանկա քաղաքի թիվ 5 դպրոցում 17-ամյա աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա։ Այն մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը։ Մարզպետն իր Telegram-ալիքում գրել է, որ մանկավարժը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրան օգնություն ցուցաբերելու համար Պերմից բժիշկների հատուկ բրիգադ է ուղարկվել, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Shot պարբերականի տեղեկություններով՝ սպանվածը 55 տարեկան է եղել։ Նա դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, ինչպես նաև հարձակում գործած դեռահասի դասղեկն է եղել։ Ըստ աղբյուրի՝ պատանին անձնական թշնամանք է տածել ուսուցչուհու նկատմամբ։

Այսօր դպրոցում նշվել է «Առողջության օրը»։ Առավոտյան կրթօջախի բակում նախատեսված է եղել ընդհանուր մարզանք, որի համար երեխաներն արդեն շարք կազմած են եղել։ Դեռահասն ուսուցչուհուն սպասել է դպրոցի մուտքի մոտ և դանակի մի քանի հարված է հասցրել նրան։ Տարածաշրջանային ՆԳՆ-ից հայտնել են, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է. նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք՝ արարքի դրդապատճառները պարզելու համար։ Հայտնի է դարձել, որ մինչ այս դեռահասը սպառնացել է իր նախկին դասընկերուհուն, հաշվառված է եղել ոստիկանությունում և մի քանի անգամ նույն դասարանում է մնացել։ Նա լուրջ խնդիրներ է ունեցել առաջադիմության հետ, սակայն ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Սա տարեսկզբից ի վեր աշակերտի կողմից ուսուցչի վրա դանակով հարձակման արդեն երկրորդ դեպքն է։ Նախորդը տեղի է ունեցել փետրվարի 3-ին Կրասնոյարսկի երկրամասի թիվ 4 դպրոցում, որտեղ 14-ամյա աշակերտուհին փորձել էր դանակահարել մանկավարժին, ինչի հետևանքով տուժել էր նրա դասընկերուհին։

Այս միջադեպը տարեսկզբից ի վեր դպրոցների վրա իրականացված առնվազն տասներորդ հարձակումն է։ Մարտի 27-ին Սվերդլովսկի մարզի Զայկովո ավանում 13-ամյա պատանին դպրոց է ներկայացել օդաճնշիչ ատրճանակով և «անձնական թշնամանքից դրդված» կրակել դասընկերուհու գլխին։ Աղջիկը քերծվածք է ստացել, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անփութության հոդվածով (ՔՕ 293-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրանից մեկ օր առաջ՝ մարտի 26-ին, Չելյաբինսկի թիվ 32 դպրոցում 15-ամյա աշակերտը, արբալետով և ազդանշանային ատրճանակով, ներխուժել է դասարան ու կրակել դասընկերուհու վրա։ Այնուհետև նա պղպեղային սփրեյ է փչել ուսուցիչների դեմքին և փորձել փախչել՝ ցած նետվելով չորրորդ հարկի պատուհանից, սակայն բերման է ենթարկվել։ Մարտի 31-ին հայտնի է դարձել, որ դատարանի որոշմամբ պատանին տեղափոխվել է մեկուսարան: