Նավերի հետևման վերլուծական ծառայության՝ MarineTraffic-ի տվյալներով՝ հրադադարի հայտարարումից ի վեր առաջին նավերն անցել են Հորմուզի նեղուցով։

Այսօր երկու նավեր են հատել նեղուցը, այդ թվում՝ հունական սեփականության տակ գտնվող NJ Earth բեռնատարը և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավը, հաղորդում է MarineTraffic-ը սոցիալական ցանցերում։

«Հրադադարի հայտարարությունից հետոնավերի ակտիվության առաջին նշաններն են ի հայտ գալիս Հորմուզի նեղուցում. հրադադարը ենթադրում է բանակցությունների համար ռազմավարական ջրային ուղու ժամանակավոր բացում», - նշված է ծառայության հաղորդագրության մեջ։

MarineTraffic-ի տվյալներով՝ տարածաշրջանում դեռևս հարյուրավոր նավեր կան, այդ թվում՝ 426 լցանավեր, ինչպես նաև հեղուկացված նավթային գազ (LPG) տեղափոխող 34 և հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող 19 նավ։ Դրանցից շատերը «ծուղակում» են հայտնվել՝  նավագնացության խափանման հետևանքով։