Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբվան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։

Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը - որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։