Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան բաց նամակում ներողություն է խնդրել Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ, ընթացքում եւ հետո կատարած արարքների համար:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած գերծանրքաշայինների WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից առաջ Չիսորան կշռվելուց հետո հայացքների մենամարտում ապտակեց Վիտալի Կլիչկոյին, ռինգում ջուր թքեց Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմին, իսկ մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ծեծկռտուքի մեջ մտավ ծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դեւիդ Հեյի հետ:

Բաց նամակում Չիսորան գրել է. «զգում եմ, որ պետք է ներողություն հայտնեմ մենամարտից առաջ եւ հետո իմ դրսեւորած վարքի համար: Իհարկե, իմ վարքն աններելի է, սակայն եղել են բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք աննկատ են մնացել, բայց դրանք եղել են իմ հույզերի պորթկման պատճառ: Բայց դա եւս արդարացում չէ: Ես չեմ կարող մանրամասնել, թե ինչ որոշում կընդունի Բռնցքամարտի բրիտանական խորհուրդը Կլիչկոյի մենամարտի եւ Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուքի վերաբերյալ»:

Չիսորան հայտնել է, որ Դեւիդ Հեյի հետ վեճի ժամանակ շշով հարված է ստացել գլխին:

«Չնայած այդ ամենին, ես, իմ թիմը եւ իմ ընտանիքը ցավում ենք կատարվածի համար: Ես ընդունում եմ, որ իմ վարքը եղել է ոչ պրոֆեսիոնալ եւ սադրիչ: Այժմ, սառը գլխով դիտարկելով իմ գործողությունները, ես այլայլված եմ: Ես ընդունում եմ, որ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ պետք է ամեն իրավիճակում պատշաճ վարք դրսեւորեմ եւ վերահսկեմ իմ ագրեսիվությունը: Ես շաբաթ օրը շատերին եմ վիրավորել եւ այժմ անկեղծորեն զղջում եմ: Այլ մեկնաբանություններ ես չեմ տա եւ կսպասեն Բռնցքամարտի խորհդրի նիստին»:

Բռնցքամարտի բրիտանական խորհուրդը Չիսորայի գործի լսումները նշանակել է մարտի 14-ին, հաղորդում է guardian.co.uk-ը: