Եգիպտոսի իրավապահ մարմինները նոր կամպանիա են սկսել, որը նպատակաուղղված է ոստիկանների արտաքին տեսքի մասին գաղտնի կարգի փոփոխմանը. նրանք պահանջում են թույլ տալ իրենց մորուք պահել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից` մորուք պահելու հետ կապված կարգը խախտելու համար: Այդուհանդերձ, մորուք պահելը համարվում են աստվածահաճո գործ իսլամում, եւ Մոհամեդ մարգարեն պատվիրել է, որ բոլոր մահմեդական տղամադիկ մորուք պահեն:
Թեեւ Եգիպտոսի ՆԳՆ-ն կոշտ է արձագանքել եւ նույնիսկ աշխատանքից հեռացրել առավել ակտիվ ոստիկաններին, իրավապահները մտադիր չեն հանձնվել` վկայակոչելով իրենց սահմանադրական իրավունքը, որով իրենց չի արգելվում մորուք պահել: Facebook սոցիալական ցանցում նույնիսկ խումբ է բացվել` «Ես մորուքավոր ոստիկան եմ» անունով:
Միաժամանակ «թրաշվել, թե չթրաշվելու» հարցը հուզում է ոչ միայն ոստիկաններին: Վերջին ժամանակահատվածում Facebook-ում սկսել են հայտնվել նաեւ այլ խմբեր, որոնք հանդես են գալիս «Մորուքավոր դատախազների եւ դատավորների» օգտին:




























