Տուարեգների անջատողական խմբավորումը` «Ազավադի ազատագրման շարժումը», որը Լիբիայում պայքարել է Մուամար Քադաֆիի օգտին, քաղաքացիական պատերազմ է հրահրել Մալիում: Անջատողականները արդեն գրավել են այդ աֆրիկյան պետության հինգ քաղաքները, եւս երկու քաղաքներում դաժան մարտեր են սկսվել:
«Գլավերդ»-ը հաղորդում է, որ զինված քոչվորները հրահրել են անկախության համար հերթական պատերազմը` մասնավորապես պահանջելով ինքնավարություն երեք հյուսիսային շրջանների համար: Ստեղծված հակամարտության հետեւանքով, հարյուրավոր մարդիկ են սպանվել: Հազարավոր մարդիկ փախստական են դարձել եւ ապաստան գտել հարեւան երկրներում` Բուրկին-Ֆասոյում, Նիգերում, Մավրիտանիայում: Մալիի պաշտոնական տեղեկություններով, փախստականների թիվը ավելի քան 35 հազար է, ՄԱԿ-ը հայտարարում է, որ ավելի քան 44 հազար մարդ հարկադրված է եղել լքել իր տունը:
NEWSru.com-ը, վկայակոչելով Agence France-Presse-ին, գրում է, որ Մուամար Քադաֆիի մահից հետո, այն տուարեգներ, ովքեր կազմում են Մալիի ապստամբ ջոկատների բաղկացուցիչ մասը, նահանջել են Սահարա եւ նոր խռովոթյուններ հրահրել: Դրանից հետո Բամակո մայրաքաղաքում ցույցեր են կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են նախագահ Ամադ Թումանի Տուրից պատժել մարդասպաններին: Բամակոյում կոտորածների ալիք է եղել: Երկրի մի շարք շրջաններ հայտնվել են հումանիտար աղետի առաջ:
Առճակատման գոտում գտնվող քաղաքների հարյուր հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները, գրում է «Կոմերսանտ»-ը:
Մալիի բանակը, որը վերահսկում է միայն հնացած տեխնիկա, չի կարողանում ճնշել խռովությունները: Փորձագետների գնահատմամբ, լիբիական պատրաստվածություն անցած տուարեգների ջոկատները շատ ավելի լավ են զինված, քանի որ դրանք մտնում են Ջամահիրիի բանակի`պանաֆրիկյան լեգեոնի եւ Համիսի բրիգադի էլիտար կազմի մեջ: Այդ ցեղերը, որոնց բնակչությունը կազմում է մոտ հինգ միլիոն, չունեն իրենց պետությունը: Դրանք բնակվում են Մալիի, Նիգերի, Բուրկինա-Ֆասոյի, Ալժիրի եւ Լիբիայի միջեւ: Այդ տարածքները տուարագները կոչում են Ազավադ:
Նշենք, որ Մալիի հակամարտությունը անդրադարձել է նաեւ հարեւան երկրների` Ալժիրի, Մավրիտանիայի եւ Նիգերի վրա, որտեղ եւս սուր է դրված տուարեգների խնդիրը: Փորձագետները մտավախություն ունեն, որ Մալիի տուարեգների ապստամբությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային լուրջ ճգնաժամի:




























