Իռլանդիայի ոստիկանությունը վերականգնել է վառելիքի մատակարարումը երկրում միակ «Ուայթգեյթ» նավթավերամշակման գործարանից (Քորկ կոմսություն)։ Այն մի քանի օր է՝ վառելիք չէր առաքում ցուցարարների պատճառով, որոնք փակել էին գործարանը բեռնատարներով եւ տրակտորներով։

«Իռլանդիայի ոստիկանությունը վերականգնել է վառելիքի մատակարարումները «Ուայթգեյթ» նավթավերամշակման գործարանից։ Այդ գործողության ժամանակ մենք մի շարք ձերբակալություններ ենք կատարել, եւ առաջիկա ժամերին եւ օրերին կիրականացվեն լրացուցիչ գործողություններ»,- նշել է ոստիկանության կոմիսար Ջասթին Քելին։ Նրա խոսքերը հեռարձակել է RTE հեռուստաալիքը։

«Շրջափակումները բողոքի օրինական ձեւ չեն։ Դա անօրինական գործողություն է, որը սպառնալիքի տակ է դնում մեր պետությունը»,- ավելացրել է Քելին։

The Irish Times թերթի տեղեկացմամբ՝ ոստիկանությունն ուղեկցել է արդեն 12 բենզատարի, որոնք ՆՎԳ-ից դուրս են եկել եւ ուղեւորվել ավտոլցակայաններ՝ բենզինի եւ դիզելային վառելիքի բեռով։ Fuels for Ireland պրոֆիլային կազմակերպության տեղեկացմամբ՝ բողոքի ակցիայի պատճառով, որն ընթանում է արդեն հինգերորդ օրը, առանց վառելիքի են մնացել 1 600 ավտոլցակայաններից 600-ը ողջ երկրում։

Վառելիքի անբավարարությունը առաջացել էր Քորկ կոմսությունում «Ուայթգեյթ» ՆՎԳ շրջափակումից։ Հանրապետության վարչապետ Միխոլ Մարտինը դատապարտել է ակտիվիստների գործողությունները՝ նշելով, որ նրանք փողոցներ են դուրս եկել՝ «որեւէ բանակցություն չվարելով»։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են բնակչությանն աջակցելու միջոցների հայտարարում եւ ավելի ակտիվ դիմակայություն վառելիքի գների աճին։

Իռլանդիայի Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալներով՝ Իրանում պատերազմի եւ Հորմուզի նեղուցի փակման ֆոնին բենզինի գների աճը կազմել է 7,7 տոկոս, դիզելային վառելիքինը՝ 18,1 տոկոս։ Էլ ավելի նկատելի է եղել տների տաքացման համար օգտագործվող մազութի արժեքի աճը։ Մեկ ամսում, փետրվարից մարտ, այն թանկացել է 67,5 տոկոսով։ Գնաճի տեմպերը մարտին ավելացել են մինչեւ 3,6 տոկոս տարեկան հաշվարկով, ինչն ամենամեծ ցուցանիշն է վերջին երկու տարվա ընթացքում։