Երևանում 5-6 տարվա ընթացքում շինարարության 20 հազար թույլտվություն է տրվել, ինչը հանգեցրել է ճանապարհային երթևեկության կոլապսի, քանի որ ավելանում են քաղաքի բնակիչների թիվն ու մեքենաների քանակը։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրել է, որ ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել 75 հազար բնակչի ձայնով։ Այս իրավիճակում մեղավոր են ընտրողները, քանի որ 800 հազար ընտրողից ընտրություններին մասնակցել է 234 հազար մարդ (ընտրողների 28%-ը)։
«Ավինյանը փորձել է քաղաքի խցանումները բացատրել նրանով, որ վարորդները լուսացույցի դեղին լույսի տակով են անցնում և մնում խաչմերուկի մեջտեղում։ Ընդ որում, նա դա չի բացատրում շինարարության թույլտվությունների անհամակարգ տրամադրմամբ, չի բացատրում նրանով, որ իշխանությունները չեն կարողանում կարգավորել երթևեկությունը խաչմերուկներում։ Ինչքա՞ն կարելի է խաբել մարդկանց։ Խնդիրն այն է, որ այս իշխանություններն ընդունակ չեն որևէ բան կառավարել։
Իշխանությունները մտածում են միայն փող աշխատելու մասին և շինթույլտվություն տալիս չեն մտածում՝ տվյալ տարածքում կա՞ անձրևատար կոյուղի, թե՞ ոչ»,- հավելել է Մարուքյանը։
Նա մատնանշել է նաև ջրամատակարարման և ավտոկայանատեղիների խնդիրը։
Ըստ նրա, խնդրի համակարգային լուծում կարող է լինել մարզերի համաչափ զարգացումը, ինչը կարող է բեռնաթափել Երևանը։
«Ինչո՞ւ եք դպրոցներ կառուցում, եթե երկրի ամբողջ բնակչությանը կենտրոնացնում եք Երևանում։ Ո՞վ է գնալու այդ դպրոցները։ Մարզերում ապրելու պայմաններ ստեղծե՞լ եք։
Բոլոր թույլտվությունները օրինակա՞ն են տրվել։ Այս գծով որևէ պաշտոնյա ձերբակալվե՞լ է։ Ինչպե՞ս են ձեր թիմակիցները միլիոնատեր դառնում»,- եզրափակել է քաղաքական գործիչը։