Հորմուզի նեղուցի շրջափակմանը զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է նաև Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին The Wall Street Journal (WSJ) պարբերականին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ Ըստ նրանց՝ սա այն սցենարներից մեկն է, որը քննարկվում է Սպիտակ տանը՝ ապրիլի 11-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողումից հետո։ Որպես այլընտրանք դիտարկվում է նաև լայնամասշտաբ հարձակումը, սակայն, ըստ պարբերականի, այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ Թրամփը չի ցանկանում երկարաձգել պատերազմը և ապակայունացնել տարածաշրջանը։
Բացի այդ, WSJ-ի տվյալներով, Հորմուզի նեղուցի շրջափակման ժամանակ ԱՄՆ-ն պատրաստվում է ճնշում գործադրել դաշնակիցների վրա, որպեսզի վերջիններս իրենց վրա վերցնեն ծովային ճանապարհով նավերի անվտանգ անցման ապահովումը։ Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրներն ընդգծել են, որ Թրամփը դեռևս հավատարիմ է հակամարտության դիվանագիտական լուծմանը՝ չնայած հնարավոր ռազմական գործողություններին։ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահը «դիտարկում է բոլոր լրացուցիչ հնարավորությունները»՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար։





























