Ամերիկյան Վեսթլեյք քաղաքում ոստիկանությունը ստիպված է եղել կոտրել 91-ամյա բնակչուհու տան դուռը, երբ վերջինս դադարել է պատասխանել տարեցների աջակցության քաղաքային ծրագրի զանգերին: «Ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է» նախագծի շրջանակում մասնակիցներին ամեն օր հեռախոսազանգեր են կատարվում, իսկ պատասխան չստանալու դեպքում տվյալներն անմիջապես փոխանցվում են իրավապահներին:

Տեղ հասած ոստիկանները, այդպես էլ չկարողանալով դրսից կապ հաստատել կնոջ հետ, ներխուժել են տուն: Պարզվել է, որ թոշակառուն ննջասենյակում է և լիովին առողջ։ Նա պարզապես այնքան էր տարվել տեսախաղով, որ չէր լսել ոչ հեռախոսի ձայնը, ոչ էլ դռան թակոցը: Ոստիկանությունում նշել են, որ միջադեպը բարեհաջող ավարտ է ունեցել և ավելի շուտ դրական արձագանք է առաջացրել: