Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), որը երկու օր անցկացրել է Իրանում, հայտարարել է բանակցությունների ձախողման մասին: «Մենք կառուցողական էինք տրամադրված, սակայն համաձայնության գալ չստացվեց», – ասվում է Վիեննայում տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Իրանը Հերման Նաքարթսի գլխավորած տեսուչներին թույլ չի տվել այցելել Թեհրանի հարավում գտնվող Փարչին կարեւոր ռազմական օբյեկտ: ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները վերադառնում են առանց համաձայնության, ինչպես եւ հունվարին, երբ ընթանում էր բանակցությունների նախորդ փուլը, որը նույնպես անարդյունք էր ավարտվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ենթադրվում է, որ վերջին տարիներին հենց Փարչինի օբյեկտում են անցկացվել պայթուցիկ սարքերի փորձարկումները` կապված միջուկային զենքի մշակման հետ:
Մինչեւ փետրվարի վերջը սպասվում է Իրանի միջուկային գործունեությունը գնահատող ՄԱԿ-ի գործակալության նոր զեկույց: Նախորդ տարվա նոյեմբերին ԱԷՄԳ-ի հերթական զեկույցում ասվում էր, որ Իրանը «մշակված միջուկային պայթուցիկ սարքի մասին փաստող» փորձարկումներ է իրականացրել:
Դրանից հետո ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը խստացրին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ` պատժամիջոցներ կիրառելով նաեւ երկրի նավթի արդյունաբերության նկատմամբ: Միաժամանակ տարածաշրջանում իրավիճակը սրվել էր այն խոսակցությունների հետեւանքով, թե Իսրայելը կարող է օդային հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:
Մինչդեռ հենց Թեհրանում խոստացել են շարունակել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ: Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ խաղաղ միջուկային ծրագիրն Իրանի արդար իրավունքն է, այդ պատճառով էլ ինքը այդ հարցը չի սակարկի այլ տերությունների հետ, գրում է gazeta.ru-ն:




























